BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

2. Նուրսուլթան Նազարբաև. Հայացք ապագային՝ հասարակական գիտակցության մոդեռնացումը

2. Նուրսուլթան Նազարբաև. Հայացք ապագային՝ հասարակական գիտակցության մոդեռնացումը
25.05.2017 | 00:59

(սկիզբը՝ այստեղ)

5. Ղազախստանի էվոլյուցիոն, այլ ոչ հեղափոխական զարգացում
Այս տարի լրանում է 100 տարին այն արմատական փոփոխությունների, որ Եվրասիայի վիթխարի տարածքում տեղի ունեցան 1917-ի հոկտեմբերին: Ամբողջ ХХ դարն անցավ հեղափոխական ցնցումների դրոշի տակ: Յուրաքանչյուր ժողովուրդ պատմությունից իր դասերն է քաղում: Դա նրա իրավունքն է և չի կարելի ուրիշներին քո տեսակետը պարտադրել: Բայց նաև ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել պատմության իր սուբյեկտիվ ընկալումը:
ХХ դարի դասերը մեր ժողովրդի համար մեծ մասամբ ողբերգական էին:
Առաջին. Կոտրվեց ազգային զարգացման բնական ճանապարհը և պարտադրվեցին հասարակական կառուցվածքի օտար ձևեր:
Երկրորդ. Ազգին հասցվեց սարսափելի ժողովրդագրական հարված, որ ամբողջ հարյուրամյակում զգացվեց:
Երրորդ. Հազիվ պահպանվեց ղազախերենը և ղազախ մշակույթը:
Չորրորդ. Ղազախստանի տարածքը շատ շրջաններում վերածվեց բնապահպանական աղետի գոտու:
Իհարկե, պատմության մեջ միայն սև ու սպիտակ գույները չեն: XX դարը Ղազախստանին նաև դրականը բերեց՝ արդյունաբերականացումը, սոցիալական ու արտադրական ինֆրակառույցների ստեղծումը, նոր մտավորականների ձևավորումը: Որոշակի մոդեռնացում եղավ: Բայց դա տարածքի, այլ ոչ ազգի մոդեռնացում էր: Մենք պետք է հստակ հասկանանք պատմության դասերը: Հեղափոխությունների դարաշրջանը չի անցել, նրանք խիստ փոխվել են ձևով ու բովանդակությամբ: Բայց մեր ամբողջ ոչ վաղ անցյալի պատմությունը հստակ ու միանշանակ ասում է. միայն էվոլյուցիոն զարգացումն է ազգին բարգավաճման շանս տալիս: Հակառակ դեպքում մենք նորից հայտնվում ենք պատմական թակարդում: Էվոլյուցիոն զարգացումը իբրև գաղափարախոսության սկզբունք պետք է կողմնորոշիչ լինի և անհատական, ինդիվիդուալ մակարդակում յուրաքանչյուր ղազախստանցու համար: Իհարկե, հասարակության էվոլյուցիոն զարգացման սկզբունքը չի նշանակում հավերժական պահպանողականություն, բայց կարևոր է հասկանալ ոչ միայն պատմության դասերը, այլև արդիականության օրինակները և ապագայի ազդանշանները: Հեղափոխությունների բնույթն է փոխվել: Նրանք ձեռք են բերում հստակ ազգային, կրոնական, մշակութային կամ անջատողական գունավորում, բայց հիմնականում ամեն ինչ ավարտվում է բռնությամբ ու տնտեսական կործանումով: Այդ պատճառով լուրջ վերաիմաստավորումը աշխարհում կատարվողի մասն է վիթխարի աշխարհաճանաչողության, գաղափարախոսական աշխատանքի, որ պետք է կատարեն հասարակությունը, քաղաքական կուսակցությունները և շարժումները, կրթական համակարգը:

6. Գիտակցության բացություն
Շատ խնդիրներ ծագում են, որովհետև մեծ, գլոբալ աշխարհը սրընթաց փոխվում է, իսկ զանգվածային գիտակցությունը մնում է «տնային շրջանակներում»: Թվում է՝ ի՞նչ ապացուցես անգլերենի զանգվածային ու արագ ուսուցման անհրաժեշտությունը, երբ աշխարհում մեկ միլիարդից ավելի մարդ մայրենիին զուգահեռ սովորում է իբրև մասնագիտական հաղորդակցության լեզու: Մի՞թե Եվրամիության 400 միլիոնից ավելի քաղաքացիները չեն հարգում իրենց մայրենի գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը կամ իտալերենը կամ այլ լեզուները: Մի՞թե հարյուր միլիոնավոր չինացիները, ինդոնեզացիները կամ մալայզիացիները հենց այնպես են անգլերեն սովորում: Դա ինչ-որ մեկի սուբյեկտիվ ցանկությունը չէ, դա գլոբալ աշխարհում աշխատանքի պայման է: Բայց հարցը միայն այս մասնավոր խնդիրը չէ: Գիտակցության բաց լինելը նշանակում է գիտակցության նվազագույնը երեք յուրահատկություն: Առաջին՝ ընկալումը՝ ինչ է կատարվում մեծ աշխարհում, ինչ է կատարվում քո երկրի շուրջը, ինչ է կատարվում մոլորակի քո հատվածում: Երկրորդ՝ գիտակցության բաց լինելը փոփոխությունների պատրաստվածությունն է, որ բերում է նոր տեխնոլոգիական ընթացքը: Առաջիկա 10 տարիներին դա փոխելու է մեր կյանքի վիթխարի շերտեր՝ աշխատանք, կենցաղ, հանգիստ, բնակարան, մարդկային հաղորդակցության միջոցներ: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Երրորդ՝ ուրիշի փորձը փոխառելու, ուրիշներից սովորելու ունակություն: Ասիական երկու մեծ տերությունները՝ Ճապոնիան ու Չինաստանը այդ ունակությունների դասական մարմնավորումն են: Բացությունը և լավագուն նվաճումների ընկալունակությունը, այլ ոչ թե ի սկզբանե մերժումը ամեն մի «ոչ մերի»՝ ահա հաջողության գրավականը և բաց հասարակության ցուցիչներից մեկը: Ինչո՞ւ է բաց գիտակցությունն այդքան կարևոր ապագա աշխարհում: Եթե ղազախստանցիները աշխարհի մասին դատեն իրենց տների պատուհաններից, կարող են չտեսնել՝ ինչ փոթորիկներ են շարժվում աշխարհում, մայր ցամաքում կամ հարևան երկրներում: Կարելի է ծառերի հետևում անտառը չտեսնել, կարելի է նույնիսկ չհասկանալ արտաքին զսպանակները, որ ստիպում են մեզ երբեմն լրջորեն փոխել տեսակետները:

II Առաջիկա տարիների օրակարգը
Հասարակական գիտակցությունը պահանջում է ոչ միայն մոդեռնացման սկզբունքների մշակում, այլև կոնկրետ նախագծերի, որ թույլ կտան պատասխանել ժամանակի մարտահրավերներին առանց ավանդույթի մեծ ուժը կորցնելու: Ես տեսնում եմ մի քանի կոնկրետ նախագծեր, որ կարելի է առաջիկա տարիներին իրականացնել:
Առաջին՝ պետք է սկսել ղազախերենը փուլ առ փուլ լատինատառ դարձնելու աշխատանքը: Մենք շատ հոգատար ու տակտով ենք այդ հարցին վերաբերվում: Պետք է կայուն փուլայնություն: Մենք զգուշորեն նախապատրաստվել ենք անկախության բոլոր տարիներին: Ղազախերենի գրաֆիկայի պատմությունը խոր արմատներ ունի: VI–VII դարերում, վաղ միջնադարում Եվրասիայի տարածքում ծնվել ու գործել է վաղթուրքական ռունիական գիրը, որ պատմությանը հայտնի է իբրև օրխոնո-ենիսեյան գիր: VI–VII դարերում ծագել է հին թուրքական դպրությունը՝ մարդկության տառային գրության վաղնջական ձևերից մեկը: V - XV դարերում թուրքերենը ազգամիջյան հաղորդակցության լեզու էր Եվրասիայի տարածքի մեծ մասում: Օրինակ, Ոսկե հորդայում պաշտոնական փաստաթղթերը և միջազգային գրագրությունը հիմնականում թուրքերեն էր վարվում: Սկսած X- XX դարերից, համարյա 900 տարի Ղազախստանի տարածքում օգտագործվել է արաբական գրաֆիկան: Ռունիական գրից հեռանալը, արաբերենի ու արաբական գրաֆիկայի տարածումը սկսվել է իսլամ ընդունելուց հետո: 1929-ի օգոստոսի 7-ին ԽՍՀՄ ЦИК и СНК -ն ընդունել են նոր լատինատառ այբուբեն՝ «Միասնական թուրքական այբուբեն»: Լատինատառ այբուբենը պաշտոնապես օգտագործվել է 1929 -1940-ին, որից հետո փոխարինվել է կիրիլիցայով: 1940-ի նոյեմբերի 3-ին ընդունվեց «Ղազախական գիրը լատինատառից նոր այբուբենի անցման օրենք՝ ռուսական գրաֆիկայի հիման վրա»: Ղազախերենի այբուբենի փոփոխությունների պատմությունը բնորոշվում է որոշակի քաղաքական պատճառներով: 2012-ի դեկտեմբերին Ղազախստանի ժողովրդին իմ ամենամյա՝ «Ղազախստան 2050» ուղերձում ես ասացի. «Մենք պետք է 2025-ից սկսենք մեր այբուբենի անցումը լատինատառին»: Դա նշանակում է, որ այդ ժամանակից մենք բոլոր ոլորտներում պետք է անցում կատարենք լատինական այբուբենին: Այսինքն` 2025-ից մենք փաստաթղթաբանությունը, պարբերական մամուլը, դասագրքերը և մնացածը հրապարակում ենք լատինատառ այբուբենով: Լատինատառին անցումը խոր պատմական տրամաբանություն ունի՝ ժամանակակից տեխնոլոգիական միջավայրի առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում, գիտակրթական գործընթացի առանձնահատկությունները XXI դարում: 2025-ը սարերի հետևում չէ, և կառավարությունը պետք է հստակ ժամանակացույց ունենա լատինատառ ղազախերենի անցման համար:


Մեր դպրոցներում բոլոր երեխաներն անգլերեն են սովորում: Դա լատինատառ է: Այսինքն՝ երիտասարդները խնդիրներ չեն ունենա: Կարծում եմ՝ մինչև 2017-ի տարեվերջ պետք է գիտնականների ու հասարակայնության միջոցով ընդունել ղազախերենի այբուբենի միասնական տարբերակը նոր գրաֆիկայով: 2018-ից սկսել կադրերի պատրաստումը նոր այբուբենը դասավանդելու և միջնակարգ դպրոցների դասագրքեր ստեղծելու համար: Առաջիկա երկու տարիներին պետք է անհրաժեշտ կազմակերպական ու մեթոդական աշխատանքն անել: Իհարկե, ընտելանալու համար որոշակի շրջանում կգործի և կիրիլիցան:
Երկրորդ՝ «Նոր հումանիտար գիտելիք: 100 նոր դասագիրք ղազախերենով» ծրագիրը հասարակական ու հումանիտար առարկաներից: Էությունը հետևյալ է.


1. Մենք պետք է պայմաններ ստեղծենք պատմության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության, հոգեբանության, մշակութաբանության, բանասիրության ուսանողների լիարժեք կրթության համար: Մեր հումանիտար մտավորականներին պետության աջակցությունն է պետք երկրի բուհերում հումանիտար ամբիոնների բացման ճանապարհով: Մեզ պետք են ոչ միայն ինժեներներ ու բժիշկներ, այլև մարդիկ, որ լավ հասկանում են արդիականությունն ու ապագան:
2. Մեզ պետք է առաջիկա տարիներին թարգմանել տարբեր լեզուներից աշխարհի 100 լավագույն դասագրքերը՝ հումանիտար գիտելիք բոլոր ուղղություններով ղազախերեն և մեր երիտասարդներին հնարավորություն տալ սովորել լավագույն միջազգային օրինակներով: Արդեն 2018/2019 ուսումնական տարում մենք պետք է մեր ուսանողներին այդ դասագրքերով ուսուցանենք:
3. Այդ նպատակով արդեն գոյություն ունեցող թարգմանական կառույցներին զուգահեռ պետք է ստեղծել ոչպետական թարգմանությունների ազգային գրասենյակ, որը կառավարության պատվերով այդ աշխատանքը կսկսի արդեն 2017-ի ամռանը:
Ինչի՞ մենք կհասնենք այդ ծրագրով
Դա նախ և առաջ մեր հարյուր հազարավոր ուսանողների պատրաստվածության որակապես այլ մակարդակ է: Հետո՝ դա կադրերի նախապատրաստում է գիտելիքի ասպարեզում գլոբալ մրցակցությանը: Վերջապես՝ այս մարդիկ են դառնալու գլխավոր ներդրողը գիտակցության մոդեռնացման՝ բացության ու պրագմատիզմի, մրցունակության սկզբունքների: Ապագան ստեղծվում է ուսումնական լսարաններում: Մեր սոցիալական ու հումանիտար գիտելիքը երկար տարիներ փակված էր մեկ ուսմունքի և աշխարհընկալման մեկ տեսակետի շրջանակներում: Ղազախերենով աշխարհի լավագույն 100 դասագրքերի հրատարակումը արդյունքներ կտա արդեն 5-6 տարի հետո: Պետք է վերցնել ամենաժամանակակիցը և թարգմանել ղազախերեն: Դա պետության խնդիրն է:
Կառավարությունը պետք է մշակի այդ հարցը և լուծի՝ հաշվի առնելով թարգանիչների, հեղինակային իրավունքների, ուսումնամեթոդական ծրագրերի, պրոֆեսորադասախոսական կազմի ապահովման խնդիրները:
Երրորդ՝ հայրենասիրությունը սկսվում է սեփական հողի, աուլի, քաղաքի, շրջանի՝ փոքր հայրենիքի նկատմամբ սիրուց: Այդ պատճառով ես առաջարկում եմ «Туған жер» ծրագիրը, որ հեշտությամբ կանցնի առավել ընդգրկուն ձևաչափի՝ «Туған ел»: «Туған жерін сүйе алмаған сүйе алар ма туған елін?» կամ՝ «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը»: Այս ստեղծագործություններում մեծ իմաստ կա:


Ինչո՞ւ փոքր հայրենիք: Մարդը ոչ միայն ռացիոնալ, այլև հուզական արարած է: Փոքր հայրենիքը այն վայրն է, որտեղ դու ծնվել ու մեծացել ես, երբեմն էլ ողջ կյանքդ ես ապրել: Այնտեղ սարերն են, գետերը, պատմությունները նրանց ծագման մասին, ժողովրդի հիշողության մեջ մնացած մարդկանց անունները: Թվարկումը կարելի է շարունակել: Դա շատ կարևոր է: Հատուկ վերաբերմունքը հարազատ հողին, մշակույթին, սովորույթներին ու ավանդույթներին՝ հայրենասիրության կարևորագույն որակն է, այն մշակութային-գենետիկ կոդի հիմքը, որը յուրաքանչյուր ժողովրդի դարձնում է ժողովուրդ, այլ ոչ թե անհատների ժողով: Հարյուրամյակներ մեր նախնիները պաշտպանել են կոնկրետ վայրեր ու շրջաններ՝ մեզ համար պահպանելով կենսատու հողի միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր: Նրանք պահպանել են ապագան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Գոնե մեկ անգամ հանդիպեցի՞ք ԵԱՏՄ ձևակերպմանը: Կիրիլիցայից լատինատառին անցումը վկայում է Ղազախստանի գլոբալ ինտեգրումը՝ ոչ թե ինտեգրումը Մոսկվայի ղեկավարած եվրասիական տարածքում: Նուրսուլթան Նազարբաևը իր երկրի առաջ փորձում է բացել ամբողջ աշխարհը, նա այնքան քաղաքական ու պատմական փորձ ունի, որ գիտակցի իր քայլի հետևանքները, բայց նա անում է այդ քայլը՝ ապագայի մասին մտածելով, ապագան իր երկիր բերելով թարգմանական դասագրքերով՝ գիտելիքով, ու դա որակում է պետության պարտավորություն: Իսկ հիմա համեմատեք Հայաստանի հետ: ՈՒ ի՞նչ եզրակացություններ եք անելու: Աշխարհի լավագույն բուհերում ուսանում են Հայաստանի ուսանողներն էլ, հիմնական մասը չի վերադառնում՝ հայրենիքում իրենց գիտելիքները կիրառելու ու կարիերաjի հեռանկար չտեսնելով: Նույն հարցը եղել է և Ղազախստանում, լուծումը ազգային ինքնագիտակցության ու գիտակցության փոփոխության մեջ են գտել՝ պրագմատիզմի, աշխարհի առաջ բացության ու հումանիզմի մեջ: Բնական է, որ այդ արժեքների հաստատման դեպքում էվոլյուցիոն ճանապարհը գերադասվում է հեղափոխականից:

(շարունակելի)

Դիտվել է՝ 1195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ